Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը, նշելով, որ որևէ քաղաքական կամ տնտեսական շահ չպիտի վեր լինի պատմական ճշմարտությունից և պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ: Մինչ իր հիմնական ասելիքը, ԲՀԿ պատգամավորը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովին՝ հայտարարելով, որ հերթական անգամ Ադրբեջանի պատվիրակությունը այս դահլիճում էժանագին թատերականացված շոու կազմակերպեց: Այն է՝ նիստի մեկնարկին ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել էր, որ հայ զինվորները ևս չեն ուզում ծառայել այն տարածքներում, որոնք հայերին չեն պատկանում ու ԵԽԽՎ դահլիճում ցուցադրել էր հայ զինվոր Անդրանիկ Գրիգորյանի, իբր սպիտակ դրոշ բարձրացրած կեղծ մի նկար: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում մասնավորապես ասել է. «3 օր անց Հայաստանի հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասումը, ինչպես ժամանակին սրբադասվեցին Բեթղեհեմի մանուկները, ու միաժամանակյա կղողանջեն Հայաստանի ու աշխարհի հայկական բոլոր եկեղեցիների զանգերը: Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում իրականացված 1,5 միլիոն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցն է: 100 տարի առաջ օսման ջարդարարները կոտորեցին, տեղահանեցին ու հայրենազրկեցին 1,5 միլիոն հայի: Եվ քանի դեռ Թուրքիան համառորեն մերժում է Հայոց ցեղասպանությունը, օսմանյան ոճրագործների հանցակիցն ու համախոհն է: Եվ պետք չէ համաշխարհային դեմագոգիայով զբաղվել՝ պատմաբանների անիմաստ հանձնաժողովների ակնկալիքով: Ոչ մի կարգի հանձնաժողով պետք չէ Հայոց ցեղասպանությունը ապացուցելու համար: Մտեք ցանկացած տուն Հայաստանում և Սփյուռքում ու գրեթե չեք գտնի մեկ ընտանիք, որ վերապրած չլինի այդ ահավոր արհավիրքը: Դա ամենախոսուն հանձնաժողովն է՝ ցեղասպանություն վերապրածների հանձնաժողովը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք հատուկ առաքելություն ունենք՝ անել հնարավորը՝ նման ոճրագործությունները բացառելու համար: Եվ այսօր, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մենք կոչ ենք անում բոլոր պետություններին, միջազգային հանրությանը՝ ճանաչել ու դատապարտել աննախադեպ այս ոճրագործությունը: Ոչ մի քաղաքական շահ չի կարող վեր լինել արդարությունից: Ոչ մի տնտեսական շահ չի կարող վեր լինել ճշմարտությունից: Պատմական փաստերը գումարով չեն հերքվում, իսկ մարդկային հիշողությունը ջնջել հնարավոր չէ: Կամբոջայի, Ռուանդայի, Դարֆուրի և այլ ոճիրները, նաև այն, ինչ այսօր կատարվում է «Իսլամիստական ահաբեկչական պետություն» կազմակերպության կողմից, մեկ բանի վկայությունն է՝ անպատժելիությունն ու մերժողականությունը նոր ցեղասպանությունների պատճառ են դառնում: Երկու տարի առաջ, հենց այս դահլիճում, ես Ռեջեփ Էրդողանին ու Ահմեդ Դավութօղլուին հանձնեցի Հայոց ցեղասպանության զոհ դարձած անմեղ երեխաների նկարներն ու հորդորեցի նայել անմեղ այդ զոհերի աչքերին: Թուրք պաշտոնյաների հայացքում ոչ կարեկցանք կար, ոչ զղջում: Ավարտեմ ելույթս գերմանացի հայտնի հոգևորական Մարտին Նեմյուլերի խոսքերով, ով Ֆաշիստական ռեժիմի կողմից ձերբակալվելուց հետո ասել էր՝ «երբ ֆաշիստները եկան կոմունիստների հետևից՝ ես լռեցի, երբ նրանք եկան հրեաների հետևից, ես դարձյալ լռեցի ու ոչինչ չասացի: Երբ նրանք եկան արդեն իմ հետևից, չկար որևէ մեկը, ով կարող էր ինձ պաշտպանել»: Հարգելի գործընկերներ, մենք, դուք լռելու իրավունք չունենք»,- հայտարարել է Ն. Զոհրաբյանը: